“…Դեռևս 2005-2013թթ. ժամանակահատվածում մոտ 100.000 սուր ՍԱ-ի պատճառով հոսպիտալացված հիվանդների կոհորտում իրականացված վերլուծությունը փաստել է, որ ՄԱԱՖՍԱ-ին բաժին է հասել դեպքերի 13%-ը [10]։ Շվեդական ՍԱ ռեգիստրի տվյալներով հոսպիտալացված հիվանդների 21%-ն է ունեցել ՄԱԱՖՍԱ [2]: Իսկ չինական ՍԱ ռեգիստրն արձանագրել է, որ ՄԱԱՖՍԱ-ի տարածվածությունը բնակչության շրջանում 26,6% է. հատկանշական է, որ քաղաքային և գյուղական շրջանների առանց նշանակալի տարբերության [8]։ ՍԱ-ի ախտորոշման և ռիսկի ստրատիֆիկացիայի հարցում էխոսրտագրությունը (Էխո-ՍԳ) հիրավի շարունակում է հանդիսանալ ձախ փորոքի ԱՖ-ի և ժամանակի ընթացքում նրա փոփոխականության շարունակական գնահատման ամենատարածված մեթոդը: Սակայն հարկ է արձանագրել, որ ամենատարածված մոտեցումը՝ 2D Էխո-ՍԳ-ն, ավելի նվազ ճշգրիտ է, քան այլ մեթոդները, մասնավորապես 3D Էխո-ԿԳ-ն և գլոբալ երկայնական դեֆորմացիայի (ԳԵԴ) գնահատումը՝ փորոքների ծավալը և ԱՖ-ն չափելու համար [24]։ Միոկարդի ԳԵԴ-ը սրտամկանի մանրաթելերի դեֆորմացիայի ուղղակի չափումն է, որը նպաստում է ՁՓ ֆունկցիայի անգամ աննշան խանգարումների հայտնաբերմանը, նույնիսկ ՁՓ ԱՖ-ի նորմալ կամ նորմային մոտ արժեքների առկայության պարագայում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՊԱՖՍԱ ունեցող հիվանդների այն ենթախմբում, որոնց մոտ հայտնաբերվել են ԳԵԴ-ի ոչ նորմալ արժեքներ, հետագա դիտարկման ժամանակ գրանցվել են կլինիկական վիճակի վատթարացում և ՁՓ ԱՖ-ի հավաստի նվազում [4,24,28]։ Սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ևս մեկ արժեքավոր հետազոտական մեթոդ է, որի բարձր տարածական լուծման և բազմաթիվ բազմաշերտ պատկերման շնորհիվ հնարավոր է լիարժեք գնահատել նաև ՁՓ-ի ֆունկցիան: Վերջին ուսումնասիրությունները հաստատել են սրտի ՄՌՏ-ի դերը ՁՓ ԱՖ-ի վատթարացման կանխատեսման մեջ՝ մասնավորապես վերլուծելով գադոլինիումի կուտակման աստիճանը [9]: ՄԱԱՖՍԱ-ով հիվանդների արդյունավետ բուժման և վարման համար կարևոր է տարբերակել նրա կլինիկական պատկերը, ռիսկի գործոնները, ինչպես նաև կոմորբիդ վիճակների առկայությունը [6,7,19,27,31,34]: ՄԱԱՖՍԱ-ի մասին կլինիկական տեղեկատվության մեծ մասը ստացվել է ՑԱՖՍԱ-ի և ՊԱՖՍԱ-ի հետ համեմատական հետազոտությունների արդյունքում: ՄԱԱՖՍԱ-ն ունի ընդհանուր կլինիկական նշաններ ՍԱ-ի կլինիկական այլ ֆենոտիպերի հետ, ինչպիսիք են, օրինակ, իշեմիկ էթիոլոգիան, ինչպես ՑԱՖՍԱ-ի դեպքում, կամ զարկերակային գերճնշումը (ԶԳ) և շաքարային դիաբետը (ՇԴ)՝ ՊԱՖՍԱ-ի պարագայում [7,13,14,31,34]։ Մահացության և հիվանդացության նվազեցման գնահատմանը միտված արձանագրվել է, որ ՄԱԱՖՍԱ հիվանդները, որոնք ներառվել են CHARM հետազոտության մեջ, տարիքասեռային կառուցվածքով եղել են համադրելի ՑԱՖՍԱ հիվանդների հետ, սակայն GWTG-HF ռեգիստրի տվյալներով ՄԱԱՖՍԱ հիվանդները ՑԱՖՍԱ հիվանդների համեմատ եղել են ավելի տարեց (միջին տարիքը՝ 77 տարեկան), և գերակշռել են կանայք (58%), [6,…”